Tigran Sargsyan

Բարեկամներ,

Կառավարության նիստերից մեկի ժամանակ ես հաձնարարել էի նախարարներին անձնական վերահսկողության տակ վերցնել այն ծառայությունները, որ պետությունը մատուցում է մեր քաղաքացիներին, քանի որ ես շատ հաճախ (նաև բլոգի միջոցով) դրանց որակի վերաբերյալ բողոքներ եմ ստանում: Այդ ծառայությունները, ցավոք, հաճախ կրում են ձևական բնույթ:
Իրական պատկերը պարզելու համար ես հանձնարարել եմ վարչապետի վերահսկողական ծառայությանն իրականացնել ուսումնասիրություններ:
Այդպիսի առաջին ուսումնասիրությունը կատարվել է պարտադիր տեխնիկական զննման բնագավառում: Այն փաստեց, որ Հայաստանի Հանրապետության շուրջ 300.000 քաղաքացի ներքաշված են ձևական գործընթացի մեջ:
Մեր վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն առաջարկվող ծառայություններից օգտվելու համար այցելել են տեխզննման տարբեր կայաններ:
Արդյունքում արձանագրում ենք.
1. Տեխզննումը Հայաստանում ֆիկտիվ բնույթ ունի,
2. Մեր քաղաքացիները տեխզննման կայաններում օրենսդրությամբ չնախատեսված վճարումներ են իրականացնում, որպեսզի տեխզննումը իրականացվի շատ արագ կամ ըստ էության չիրականացվի:
3. Բացահայտվել են դեպքեր, երբ մեքենաներն ընդհանրապես չեն հայտնվում տեխզննման կայաններում. ուղղակի բերվում են փաստաթղթերը և իրականացվում է ձևակերպումը:
Այս ամենին վերջ դնելու համար կառավարության նիստում ընդունել ենք որոշում, որն այսուհետ շուկան կդարձնի ինքնակարգավորվող: Տեխզննման կայանները իրենք պետք է որակյալ ծառայություններ մատուցեն և նրանց միջև պետք է լինի մրցակցություն: Դա նշանակում է, որ այն 5 հազար դրամ հավելավճարը, որ մեր քաղաքացիները տալիս են տեխզննման կայաններին կվերանա:
Հաջորդ քայլով մտադիր ենք այս ամենին ավելացնել ապահովագրական մեխանիզմը, որպեսզի ապահովագրական ընկերությունները նույնպես մասնակցեն այս գործընթացին: Սա մեր առաջին քայլն է: Մեր քաղաքացիներին ազատում ենք այդ 5 հազար դրամ վճարից:
Tigran Sargsyan

Բարեկամներ,

Տեղյակ եք, որ աշխատանքային այցով գտնվում էի Բրյուսելում, որտեղ տարածաշրջանում ընթացող զարգացումները գնահատելու համար քաղաքական գործիչները համեմատություն են անցկացնում տարածաշրջանի ժողովուրդների արժեքների ու արժեքային համակարգերի միջև: Այսօր եվրոպական քաղաքական ինտելեկտուալների համար այս խնդիրը դառնում է ավելի կարևոր:
Իմ բոլոր հանդիպումների ու քննարկումների ենթատեքստում մի հիմնական հարց կար: Ո՞րն է լինելու Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրմանն ուղղված հաջորդ քայլը, արդյո՞ք հայերն ու տարածաշրջանի մյուս ժողովուրդներն իրենց դիտարկում են որպես Եվրոպայի ու եվրոպական արժեքային համակարգի կրողներ, թե մենք այլ քաղաքակրթության ներկայացուցիչներ ենք՝ բոլորովին ուրիշ արժեքներով:
Այդ տեսակետից մեր գործընկերներին հետաքրքրում է հայ ժողովրդի ինքնանույնականացման (self-identification) խնդիրը: Հետաքրքիր կլիներ իմանալ ձեր կարծիքը: Ո՞րոնք են մեր արժեքները, ո՞րն է մեր ժողովրդի ինքնանույնականացման հենքը և ինչպիսի՞ն ենք ցանկանում տեսնել մեր ապագան:





Tigran Sargsyan

ՀԱՅ- ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Բարեկամներ,
Երեկ  Հայաստանում էր իմ վրացի գործընկեր Նիկոլոզ Գիլաուրին: Ինձ թվում է այցը հարմար առիթ է անդրադառնալու մի շարք խնդիրների, որոնց մասին ինձ բազմիցս հարցնում են բլոգում նաև բլոգերների հետ հանդիպումների ընթացքում: Այդ հարցերը վերաբերում են վրացական բարեփոխումներին, վրացահայության խնդիրներին, այլ հարցերի:
Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ նշել հետևյալը: Մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարևան ունենալը: Այդ առումով Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգևորեն և ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն:
Նույնքան հաճախ էլ հարցնում են հայկական տարբեր բիզնեսների մասին, որոնք իբր “փախչում են” Վրաստան: Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում  դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջև: Վրաստանի վարչապետի հետ մենք պայմանավորվեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մեր շուկաները լինեն միասնական, իսկ տնտեսություններն՝ ավելի ինտեգրված:
Ինչ վերաբերում է տեղափոխված ընկերություններին, ապա եթե այդպիսիք կան, առաջարկում եմ անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը: Խնդրում եմ այդ մասին գրել մեկնաբանություններում, և մենք միասին կվերլուծենք պատճառներն ու կանենք եզրակացություններ:
Մեր երկու երկրների զարգացման մոդելները տարբեր են: Մենք ընտրել ենք բարեփոխումների էվոլյուցիոն, իսկ Վրաստանը՝ հեղափոխական ճանապարհը: Այդ ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը: Մեր բարեփոխումները ենթադրում են իրականացման այլ տրամաբանություն: Այն ինչ մի դեպքում կիրառելի է, մյուս դեպքում կիրառելի չէ և պարզ համեմատություններն ու համադրումները, իմ կարծիքով, տեղին չեն:
Այն ոլորտները, որտեղ Վրաստանը ունի հաջողություններ մեզ համար պետք է լինեն ուսանելի: Բայց ինձ մտահոգում է մեկ այլ բան. մարդիկ, ովքեր արդարացիորեն նշում են Վրաստանի առաջընթացը, չեն նկատում մեր երկրի հաջողությունները: Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում ես անդրադարձա նրանց հաջողություններին հարկային ու մաքսային վարչարարության և ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտներում: Մենք չենք խորշում մեր գործընկերների փորձն ուսումնասիրելուց ու նրանց օժանդակությամբ նմանօրինակ բարեփոխումներ իրականացնելուց: Իմ վրացի գործընկերը բարձր գնահատեց ֆինանսական հատվածում մեր հաջողությունները մասնավորապես ներքին պարտքի կառավարման, բանկային համակարգի ու ապահովագրության ոլորտների մեր ձեռբերումները, և մենք համաձայնեցինք այդ հարցերի շուրջ նրանց մեր փորձն ու օժանդակությունը տրամադրել:
Եվ ամենակարևորը՝ երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների մրցակցությունը պետք է ծառայեցնել Հայաստանի և Վրաստանի զարգացման շահերին, այլ ոչ թե հակադրել իրար:

Tigran Sargsyan

Կենսաթոշակային բարեփոխումների մասին

Բարեկամներ,

Հաճախ Ձեր բլոգերում տեղ են գտնում թեմաներ, որոնք չնայած այն հանգամանքին, որ հանրային լայն քննարկման չեն արժանանում, հույժ կարևոր են մեր պետության շարունակական զարգացման համար:
Ցանկանում եմ անդրադառնալ այդպիսի գրառումներից մեկին, որն արվել է 
[info]radiovan -ի բլոգում ու վերաբերում է կառավարության գերակա ծրագրերից մեկին՝ կենսաթոշակային բարեփոխումներին:
Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում կենսաթոշակային բարեփոխումներին և լուրջ ջանքեր ենք ներդնելու, որպեսզի դրանք հաջողություն ունենան:
 Ես շնորհակալ եմ, որ այս խնդրին արվել է քննական անդրադարձ, որը հնարավորություն է տալիս պարզաբանել արծարծված մի շարք մտահոգություններ:
Հիմնական բացահայտումը, որ ինձ համար արեցի հետևյալն է. չնայած այս ծրագիրն արդեն 4 տարի է, ինչ ներկայացվում է հանրությանը, միևնույն է,
[info]radiovan -ի գրառումից տեղեկանում ենք, որ դեռևս կան բազմաթիվ մարդիկ (հիմնականում՝ երիտասարդներ), ովքեր տեղյակ չեն կենսաթոշակային բարեփոխումների բովանդակությանը: Դա նշանակում է, որ կառավարությունը պետք է կրկնապատկի  ջանքերը, որպեսզի այդ տեղեկատվությունը լինի հասանելի, իսկ բարեփոխումների էությունը`հասկանալի մեր քաղաքացիների համար:
Ես դուրս եմ բերել
[info]radiovan -ի բլոգում արծարծված մի շարք  մտահոգություններ, և հուսով եմ, որ [info]radiovan -ի բլոգերների թիմը չի առարկի, եթե ես անդրադառնամ դրանց վիրտուալ հարցազրույցի ձևով:
Եվ այսպես.

Հարցադրում առաջին.
Արդյո՞ք բարեփոխումների փաթեթը Ամանորից առաջ ԱԺ օրակարգ մտցնելով Կառավարությունը նպատակ չունի մեկ շնչով այն անցկացնել  ու հապճեպ ներդնել:
Collapse )
Tigran Sargsyan

Բարեկամներ,
Այսօր ինձ փոխանցեցին hetq.am կայքում հրապարակված
հոդվածը, որտեղ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ, “Համագործակցության համար” մեդալի մեդալակիր և հասարակական հիմունքներով իմ նախկին խորհրդական Սերոբ Տեր-Պողոսյանը մեղադրվում է ծանր, անբարո հանցագործության մեջ:
Չեմ կարողանում համապատասխան բառեր գտնել իմ զգացածն արտահայտելու համար: Կարող եմ միայն խոստանալ. հետևելու եմ, որ այս հրապարակման հետքերով քննությունը լինի արագ, համակողմանի և թափանցիկ:
Վստահ եմ, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
Tigran Sargsyan

Ինձ համար կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում

"Ես ձեզ հարցեր ունեմ: Դուք էլ, համոզված եմ` ինձ". մեկ տարի առաջ այս համոզմունքն էր, որ ստիպեց ինձ բացել իմ բլոգը:
Ձեզնից շատերը ողջունեցին այդ գաղափարը, որոշները թերահավատ էին, կային մարդիկ, ովքեր իմ Կենդանի Մատյանի համար կարճ կյանք էին կանխատեսում:
Մեկ տարվա ընթացքում մենք բազմաթիվ թեմաներ քննարկեցինք՝ գիտության խնդիրներից մինչև մեր գրական նախընտրությունները, բարձր տեխնոլոգիաներից մինչև մշակութային ժառանգության պահպանման հարցեր
ը:
Ձեր իսկ մասնակցությամբ լուծվեցին մի շարք խնդիրներ՝ օրինակ, պետական համակարգում պարտադիր կիրառություն ստացան յունիքոդ տառատեսակները, կանոնակարգեցինք ու առավել թափանցիկ դարձրեցինք պետական մարմինների արտաբյուջետային հաշիվներից օգտվելու կարգը, բլոգերներն ընտրեցին Հայագիտական խորհրդում իրենց ներկայացուցչին, լուծում գտան ձեր կողմից բարձրաձայնած մտահոգություններից շատերը:
Իմ գրառումներից ոչ բոլորը միանշանակ ընդունելություն գտան, ծավալվեցին բանավեճեր, ինչը ես շատ դրական եմ համարում: Ես գնահատում եմ նաև մեր հանդիպումները, որոնք ինձ համար ձեզ հուզող խնդրիները լսելու անմիջական հնարավորություն էին:
Այսօր, շրջելով իմ Կենդանի Մատյանի մեկամյակի էջը ցանկանում եմ փաստել, որ ինձ համար նույնքան կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում:
Ես շարունակելու եմ վարել այս բլոգը, քանի որ ես ձեզ դեռ շատ հարցեր ունեմ: Դուք էլ, ինչպես համոզվեցի՝ ինձ:
Tigran Sargsyan

Բարեկամներ,

Ցանկանում եմ գրել իմ բլոգում թողնված մեկնաբանություններից մեկի՝
[info]lousinek -ի հարցի մասին, որը վերաբերում է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության լուծարմանը:
Հարկ եմ համարում մի քանի կետով անդրադառնալ այդ խնդրին:
Առաջին,  ծառայության արդեն նախկին ղեկավարը ավելի քան մեկ տարի առաջ գիտեր, որ համակարգում իրականացվելու են բարեփոխումներ: Ես նրան հանձնարարել էի, որ նա գործընթացը կազմակերպի սահուն, որպեսզի մարդիկ հնարավորություն և ժամանակ ունենան նոր աշխատանք գտնելու համար:
Երկրորդ,  ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայփոստի հետ, որ ծառայության մասնագետները կարողանան նմանատիպ աշխատանքի տեղափոխվեն Հայփոստի համակարգում:
Երրորդ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության լուծարման անհրաժեշտությունը պայմանավորված է բարեփոխումների տրամաբանությամբ: Թոշակների տրամադրման գործում պետությունը չպետք է մրցակցի մասնավորի հետ: Մենք սոցիալական ծառայություններից օգտվելու համար առաջարկում ենք ժամանակակից մեթոդներ, որոնք էապես կրճատելու են կոռուպցիոն ռիսկերն ու բարձրացնելու են թե արդյունավետությունը, թե հասցեականությունը:
Մենք հնարավորություն ենք ստեղծել, որ երկու տասնյակից ավել մասնավոր սուբյեկտներ թոշակառուներին մատուցեն որակյալ ծառայություններ: Իսկ մեր նպատակը պարզ է. մարդիկ ովքեր ունեն պետության աջակցության ու սոցիալական պաշտպանության մեխանիզմների առկայության կարիքը պետք է այդ ծառայություններից օգտվելու ամենահարմար պայմաններն ունենան:

Tigran Sargsyan

Քվեարկության ավարտի մասին

Ահա և ավարտվեց հայագիտության խորհրդում ԿՄ ներկայացուցչի ընտրության քվեարկությունը: [info]ahousekeeper , [info]vaykuneci , [info]noni_no , [info]armacad , [info]gilantc  օգտատերերը ինքնաբացարկ հայտնեցին և նրանց օգտին տրված ձայները չեն հաշվարկվի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քվեարկության բոլոր մասնակիցներին՝ թեկնածուներին, քվեարկողներին, քննարկողներին, ինչպես նաև հաղթողին:
Հարգելի
[info]yuliaantonian , շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ ու մաղթում արդյունավետ աշխատանք: Մոտ օրերս Ձեզ հետ կապ կհաստատի իմ օգնականը:

Հ.Գ. Քվեարկության գաղափարը ինձ դուր եկավ: Եթե կարծում եք, որ բլոգերների ներկայությունը նմանօրինակ աշխատանքային խմբերում անհրաժեշտ է, խնդրում եմ գրառումներ թողնել մեկնաբանություններում:
Tigran Sargsyan

Քվեարկություն

Քվեարկության և ձայների հաշվարկի կանոնները.

1. Քվեն կհաշվարկվի, եթե քվեարկողի Կենդանի Մատյանը գրանցվել է մինչև 2010թ. հոկտեմբերի 19-ը ներառյալ:
2. Եթե քվեարկության արդյունքում առաջին տեղը զբաղեցրած անձը չցանկանա մասնակցել խորհրդի աշխատանքներին, ապա հաղթող կճանաչվի երկրորդ տեղը գրաված Կենդանի Մատյանի օգտատերը:
3. Քվեարկությունը կավարտվի 2010թ. նոյեմբերի 3-ին, ժամը 21.00-ին:

Poll #1637052 Հայագիտության խորհրդի քվեարկություն

Ու՞մ եք տալիս Ձեր քվեն:

yuliaantonian
37(44.0%)
noni_no
6(7.1%)
vaykuneci
10(11.9%)
ahousekeeper
12(14.3%)
orientalian
7(8.3%)
gilantc
2(2.4%)
armacad
10(11.9%)